ՀՀ ԱՆ «Դատաբժշկական գիտագործնական կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Մ. Ս. Բիշարյանի ելույթը

2

Ստորև ներկայացնում ենք ՀՀ ԱՆ «Դատաբժշկական գիտագործնական կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Մ. Ս. Բիշարյանի ելույթն ամբողջությամբ:

Հարգելի նախարարներ, իրավապահ համակարգի հարգելի ղեկավարներ,  գործընկերներ և հյուրեր:

Պատիվ ունենք հյուրընկալել Ձեզ ՀՀ ԱՆ «Դատաբժշկական գիտագործնական կենտրոն»-ի դատագենետիկական բաժնի վերազինման կապակցությամբ կազմակերպված այս միջոցառմանը։ Շնորհակալ ենք հրավերքն ընդունելու և մեր կենտրոնի համար այս նշանակալից օրն այստեղ, մեզ հետ միասին լինելու համար։

Այսօր ՀՀ ԱՆ «Դատաբժշկական գիտագործնական կենտրոն»-ը հատում է անցյալի ու ապագայի եզրագիծը, անցյալ ուր մնում են վերազինման ուղղությամբ տարվող ծրագրերի, դոնորների փնտրտուքի, հարցի բարձրաձայնումը տարբեր ատյաններում, ու ապագան, որն ապահովում է փորձագիտական ոլորտի միջազգային պահանջներին համապատասխան դատագենետիկական փորձաքննությունների իրականացումը։ Այդ ապագան կրկնապատկում է նաև մեր պատասխանատվության չափաբաժինն այն բոլոր կառույցների ու գերատեսչությունների առջև, որոնք օգնեցին ու սատարեցին մեզ:

Գաղտնի չէ, որ մարդու գենետիկական կոդի ուսումնասիրություններն այսօր գիտական և գիտահետազոտական ոլորտի ուշադրության կենտրոնում են։ Այդ գետենիկական կոդի յուրօրինակության հնարավորությունները  տարիներ շարունակ կիրառվում են նաև հանցագործությունների բացահայտման ընթացքում՝ նախկինում շատ ավելի պարզ, իսկ տեխնոլոգիաների զարգացման դարաշրջանում անհամեմատ կատարելագործված մեթոդների կիրառմամբ։ Փորձաքննությունների ավտոմատացումն ու թվայնացված էլեկտրոնային ծրագրերի, համակարգերի կիրառումը նույնականացման փորձաքննություններում ժամանակի հրամայական է։ Միջազգային փորձագիտական ոլորտն, առավել ևս դատագենետիկական ուղղությունը, զարգանում է շատ արագ տեմպերով, որը զարմանալի չէ, հաշվի առնելով նույնականացման դատագենետիկական փորձաքննությունների դերն արդարադատության իրականացման շղթայում և մարդու իրավուքների պաշտպանության գործում, ինչպես խաղաղ պայմաններում, այնպես էլ արտակարգ  և պատերազմական իրավիճակներում։

Տարիներ շարունակ ուսումնասիրելով այդ միջազգային փորձը, հստակ գիտակցում էինք, որ մենք այլընտրանք չունենք, քան գնալ զարգացման և վերազինման ուղղությամբ։ ԵՎ այսօր կյանքի ենք կոչում ՀՀ-ն դատաբժշկական ծառայության գերակա խնդիրներից մեկը՝ դատագենետիկական փորձաքննությունների  բաժնի վերազինումն ու գենետիկական վերլուծիչի ներդրումը ԴՆԹ նույնականացման փորձաքննություններում։ Նոր սարքավորման հետ միաժամանակ մենք ներդնում ենք փորձաքննության նոր ընթացք՝ որը համահունչ է և բավարարում է ոլորտին ներկայացվող միջազգային պայման-պահանջներին։ Գենետիկական վերլուծիչի շահագործումն ապահովելու է որակապես այլ մակարդակ՝ բարձրացնելով ներկայիս արդյունքների քանակական և որակական ցուցանիշները, տրամադրելով իրավապահ մարմիններին հանցագործությունների բացահայտման համար անհերքելի ապացույցներ՝ կրկնակի անգամ բարձրացնելով ապացուցողականության աստիճանը։

Եզրափակելով խոսքս, ևս մեկ անգամ ուզում եմ շնորհակալություն հայտնել Առողջապահության նախարարությանը, Պաշտպանության նախարարությանը, Ոստիկանությանը, Ազգային անվտանգության ծառայությանը, Պետական եկամուտների կոմիտեին, Քննչական կոմիտեին, Հատուկ քննչական ծառայությանը և Դատախազությանը, ովքեր աջակցեցին մեզ սարքավորման ձեռք բերման գործում։ Բոլորիս միահամուռ ուժերով դատագենետիկական ծառայությունն այսօր դառնում է միջազգային դատագենետիկական ոլորտի լիարժեք անդամ։

Շնորհակալություն: