ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ

ՊԱՏՄԱԿԱՆ ԱԿՆԱՐԿ

IMG_5201
 

Դիակի արտաքին զննման վերաբերյալ տվյալներ Հայաստանում հայտնի են դեռևս IV-V դարերից, երբ որոշվել է ոչ միայն մահվան պատճառը, այլև՝ ինչպիսի հարվածից է առաջացել մահը։

XII դարից սկսած՝ մարդու անատոմիան և մահվան պատճառներն ուսումնասիրելու նպատակով կատարել են դիահերձումներ։ Մխիթար Գոշի և Սմբատ Սպարապետի դատաստանագրքերում, Ներսս Լամբրոնացու քաղաքացիական օրենքներում հատուկ ուշադրություն է դարձվել սխալ բուժմանը, բժշկի անփութությանը և այլ հարցերի։

XIX դարում Հայաստանում, հանցագործությունների հետ կապված, պարտադիր են եղել ինչպես կենդանի անձանց, այնպես էլ դիակների հետազոտումները։ Դիահերձումները կատարել են քաղաքացիական և զինվորական բժիշկները՝ քննիչի և ընթերակաների մասնակցությամբ և կազմել են համապատասխան դատաբժշկական փաստաթղթեր։

1921 թ-ին Երևանում հաստատվել է Երևան քաղաքի դատաբժշկական փորձագետի պաշտոնը: Այդ պաշտոնում նշանակվել է բարձր որակավորման մասնագետ, Հայաստանում դատաբժշկության առաջին կազմակերպիչ Վ.Ի.Կրժիվինսկին:

Հայաստանում գլխավոր դատաբժշկական փորձագետի պաշտոնը հաստատվել է 1929 թ.-ին:

1929-1939թ.թ. գլխավոր դատաբժշկական փորձագետի պարտականությունները կատարել է դոցենտ Եղիշե Թադևոսի Շեկ-Օսիպյանը, որը ղեկավարել է նաև դատական բժշկության ամբիոնը: Հետագայում այս պաշտոնը զբաղեցրել են՝ բժշկական գիտությունների թեկնածու, դոցենտ Ալեքսանդր Ադամի Հովսեփյանը, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Նորայր Մկրտչի Ավագյանը, բժշկական գիտությունների, դոկտոր Վահրամ Միհրանի Մուսաելյանը, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Շոթա Արսենի Վարդանյանը:

2012 թ. դեկտեմբերի 24-ից ՀՀ ԱՆ “Դատաբժշկական Գիտագործնական Կենտրոն” ՊՈԱԿ-ի տնօրեն և հանրապետության գլխավոր դատաբժշկական փորձագետ է նշանակվել բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր՝ Մհեր Սպանդարի Բիշարյանը: