

Սույն ձեռնարկները պատրաստվել են «Ազդարարի՛ր, Հայաստան» ծրագրի շրջանակներում, որն իրականացնում է «Իրավաբանների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը «Հայաստան Բարեվարքություն» Ծրագրի շրջանակներում՝ Ամերիկայի ժողովրդի առատաձեռն աջակցությամբ՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) միջոցով։
Ուղեցույց-ձեռնարկները պատրաստվել են ՀՀ արդարադատության նախարարության կողմից իրականացվող ազդարարման համակարգի համապետական իրազեկման արշավի շրջանակում։
ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՆԵՐՔԻՆ ԱԶԴԱՐԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԵԹՈԴՈԼՈԳԻԱԿԱՆ ՈՒՂԵՑՈՒՅՑ
ՄԱՍՆԱՎՈՐ ՀԱՏՎԱԾԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԵՐՔԻՆ ԱԶԴԱՐԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԵԹՈԴՈԼՈԳԻԱԿԱՆ ՈՒՂԵՑՈՒՅՑ
ՀՀ ԱՆ «Դատաբժշկական գիտագործնական կենտրոն» ՊՈԱԿ-ի (այսուհետ՝ Կենտրոն) քիմիկո- տոքսիկոլոգիական բաժնին անհրաժեշտ է թունաբանի, քիմիկի, կենսաքիմիկի կամ դեղագետի որակավորում (դեղագետի դեպքում նաև ՇՄԶ հավաստագիր կամ առաջին անգամ գործունեություն ծավալելու հավաստագիր) ունեցող մասնագետ:
Աշխատանքային փորձը և օտար լեզուների լավ իմացությունը ցանկալի է։ Լրացուցիչ տեղեկատվություն ստանալու նպատակով՝ խնդրում ենք զանգահարել Կենտրոնի անձնակազմի կառավարման և իրավական ապահովման բաժին: Հեռախոսահամար՝ (010)587105:
ՀՀ առողջապահության նախարարության «Դատաբժշկական գիտագործնական կենտրոն» ՊՈԱԿ-ին (այսուհետ՝ Կենտրոն) անհրաժեշտ է սանիտար (դիահերձող): Աշխատանքային պայմաններին ծանոթանալու համար կարող եք զանգահարել Կենտրոնի անձնակազմի կառավարման և իրավական ապահովման բաժին: Հեռախոսահամար՝ (010)587105
Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանի ուղեկցությամբ նախարարն աշխատանքային խմբով եղել է Բերդի բժշկական կենտրոնում, ծանոթացել ընթացիկ աշխատանքներին։
Նշվել է, որ բժշկական կենտրոնը շուտով նոր համակարգչային տոմոգրաֆ կունենա։
Բերդի բժշկական կենտրոնում հայտարարված էր նաև բաց դռների օր։ Տարբեր մասնագետներ Երևանից ժամանել էին բնակիչների շրջանում անցկացնելու խորհրդատվություն և հետազոտություններ։
Առողջապահության նախարարը հանդիպել է Բերդ համայնքի բժշկական հաստատությունների ղեկավարների հետ, նրանց ներկայացրել համակարգի զարգացման հեռանկարները։
Քննարկվել են նաև «Դատաբժշկական գիտագործնական կենտրոն»-ի Բերդի մասնաճյուղի կառուցման հետագա քայլերի հետ կապված հարցեր։
Դեկտեմբերի 9-ին ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վահե Ղազարյանն ընդունեց առողջապահության նախարարության դատաբժշկական գիտագործնական կենտրոնի տնօրեն Մհեր Բիշարյանին, կենտրոնի աշխատակիցների, Քրեական ոստիկանության գլխավոր վարչության և ոստիկանության Արթիկի բաժնի մի խումբ ծառայողների։
Ողջունելով ներկաներին՝ ոստիկանության պետը շնորհակալություն հայտնեց դատաբժշկական գիտագործնական կենտրոնի ողջ անձնակազմին՝ արդյունավետ համագործակցության համար։
Վահե Ղազարյանը շնորհակալություն հայտնեց նաև Քրեական ոստիկանության գլխավոր վարչության և ոստիկանության Արթիկի բաժնի ծառայողներին, որոնց օպերատիվ միջոցառումների շնորհիվ բացահայտվեց Շիրակի մարզի Պեմզաշեն համայքում կատարված առանձնապես ծանր հանցագործությունը։
ՀՀ ոստիկանության պետը դատաբժշկական գիտագործնական կենտրոնի տնօրենին պարգևատրեց «Ոստիկանության 100-ամյակ», իսկ կենտրոնի աշխատակիցներին՝ «Համագործակցության ամրապնդման համար» մեդալներով։
Քրեական ոստիկանության գլխավոր վարչության և ոստիկանության Արթիկի բաժնի ծառայողները պարգևատրվեցին «Օրենքի պատվար», «Իրավակարգի ամրապնդման համար» մեդալներով և «Ոստիկանությունում գերազանց ծառայության համար» կրծքանշաններով։
ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության Արթիկի և Անիի քննչական բաժնում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում Պեմզաշեն գյուղի 31-ամյա բնակչուհու և վերջինիս երկու երեխաների սպանության դեպքի բացահայտման գործում արդյունավետ մասնակցություն ունենալու, ներդրած ջանքերի համար ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Ա.Քյարամյանի հրամանով պարգևատրվել են ՀՀ առողջապահության նախարարության «Դատաբժշկական գիտագործնական կենտրոն» ՊՈԱԿ-ի մի շարք աշխատակիցներ:
Հիշյալ կառույցի աշխատակիցներին համապատասխան պարգևները հանձնել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղեկալ Վ.Մեսրոպյանը:
Կոմիտեի նախագահի տեղակալը շնորհակալական խոսքեր է հղել կենտրոնի աշխատակիցներին Շիրակի մարզի Պեմզաշեն համայնքում կատարված սահմռկեցուցիչ դեպքի նախաքննության ընթացքում վարույթն իրականացնող մարմնին անգնահատելի օժանդակություն ցուցաբերելու և մասնագիտական պարտականությունները պատշաճ կատարելու համար:
Հավելենք, որ «Դատաբժշկական գիտագործնական կենտրոն» ՊՈԱԿ-ի դատակենսաբանական փորձաքննությունների բաժնի վարիչ Հանրիետա Հարությունի Հարությունյանը պարգևատրվել է «Համագործակցության համար» մեդալով, իսկ դիակների դատաբժշկական փորձաքննությունների բաժնի վարիչ Սանասար Ֆերդինանտի Սևոյանը, Շիրակի մարզի դատաբժշկական փորձաքննությունների բաժնի դատաբժշկական փորձագետ Գագիկ Հովհաննեսի Մարկոսյանը, մոլեկուլային գենետիկայի փորձաքննությունների բաժնի դատական գենետիկ փորձագետ Արևիկ Լևիկի Սարգսյանը, մոլեկուլային գենետիկայի փորձաքննությունների բաժնի դատական գենետիկ փորձագետ Դիանա Նիկոլայի Հարությունյանը պարգևատրվել են հուշանվերներով:
ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանն ընդունել է Անհայտ կորածների հարցերով միջազգային հանձնաժողովի գլխավոր տնօրեն Քեթրին Բոմբերգերի գլխավորած պատվիրակությանը:
Հանդիպմանը մասնակցել է նաև Նիդերլանդների Թագավորությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Բալայանը:
Քննչական կոմիտեի նախագահն անդրադարձ է կատարել անհայտ կորած անձանց շրջանակը ներառող հատվածում իրականացվող մինչդատական վարույթի առանձնահատկություններին՝ ընդգծելով այդ ասպարեզում միջազգային կառույցների հետ արդյունավետ շփումների գերակայությունները:
Արգիշտի Քյարամյանն իր երախտագիտությունն է հայտնել ՀՀ քննչական կոմիտեի, ՀՀ առողջապահության նախարարության և Անհայտ կորածների հարցերով միջազգային հանձնաժողովի միջև կնքված համագործակցության պայմանագրի շրջանակներում 2020 թվականի արցախյան պատերազմի հետևանքով անհայտ կորած անձանց նույնականացման նպատակով՝ թվով 100 բարդ փորձանմուշների՝ Նիդերլանդներում լրացուցիչ հետազոտության, ԴՆԹ թեստավորման և գենետիկական բնութագրեր ստանալու աջակցության համար։ Միաժամանակ պայմանավորվածություն է ձեռք բերվել այս ուղղությամբ աշխատանքների շարունակականության ապահովման հարցում:
Քեթրին Բոմբերգերը ներկայացրել է Անհայտ կորածների հարցերով միջազգային հանձնաժողովի կողմից կատարվող աշխատանքներն ու ներկա առաջնահերթությունները:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել արցախյան պատերազմների արդյունքում անհայտ կորած անձանց մասով պահանջվող գործընթացների իրականացման վերաբերյալ և պայմանավորվել են ծավալել առավել ընդլայնված փոխգործակցություն:
Ավելին՝ այստեղ
Անահիտ Ավանեսյանն ընդունել է Անհետ կորածների հարցերով միջազգային հանձնաժողովի (ICMP) գլխավոր տնօրեն Քեթրին Բոմբերգերին, ICMP քաղաքականության և համագործակցության գծով տնօրեն Անդրեաս Քլայզերին, ինչպես նաև Նիդերլանդների Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Բալայանին:
Նախարարը ընդգծել է Անհետ կորածների հարցերով միջազգային հանձնաժողովի էական դերը` պատերազմի հետևանքով զոհվածների ինքնությունը պարզելու համար փորձանմուշների ԴՆԹ նույնականացումն իրականացնելու հարցում:
«Արվել է ամեն բան` հնարավորինս սեղմ ժամկետներում առավելագույն թվով լիարժեք գենետիկական բնութագրեր ունենալու համար: Այդ ամբողջ ընթացքում մենք եղել ենք բաց և հաշվետվողական»,-ասել է Անահիտ Ավանեսյանը:
Քեթրին Բոմբերգերը բարձր է գնահատել հանձնաժողովի գենետիկ փորձագետների և ՀՀ ԱՆ «Դատաբժշկական գիտագործնական կենտրոնի» փորձագետների արդյունավետ գործակցությունը` շեշտելով, որ Հայաստանն ամբողջությամբ պահպանել է Գենետիկական փորձաքննությունների անցկացման ընթացակարգի` միջազգայնորեն ընդունված գործելակարգերը:
Քեթրին Բոմբերգերը նշել է, որ Անհետ կորածների հարցերով միջազգային հանձնաժողովը կշարունակի իր աջակցությունը տրամադրել Հայաստանին պատերազմի հետևանքները հաղթահարելու հարցում` սերտ համագործակցելով հայաստանյան գործընկեր կազմակերպության հետ:
Ավելին՝ այստեղ
Համաձայն հետազոտությունների արդյունքների՝ «Օմիկրոն» տարբերակն ունի միտում՝ առաջացնելու հիվանդության ավելի թեթև ախտանշաններ, քան կորոնավիրուսային հիվանդության մյուս տարբերակները: Այն ավելի շատ ախտահարում է վերին շնչուղիները՝ քիթը, կոկորդը և առավել հազվադեպ է առաջացնում թոքերի ախտահարում։ Հիմնական ախտանշաններն են կոկորդի ցավ, քթից արտահոսք, չոր հազ և գոտկատեղի ցավ:
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ այժմ Հայաստանի Հանրապետությունը գտնվում է գրիպի և սուր շնչառական վարակների սեզոնում, և արձանագրվում է հիվանդացության բարձր ակտիվություն, ինչպես նաև այն, որ «Օմիկրոն» տարբերակին և սուր շնչառական վարակներին բնորոշ ախտանշանները նույնանման են, հորդորում ենք նշված ախտանշանների ի հայտ գալու դեպքում դիմել առողջության առաջնային պահպանման օղակ/պոլիկլինիկա՝ հիվանդությունը վաղ փուլում հայտնաբերելու և հիվանդության բարդություններից խուսափելու նպատակով։
Մասնագետները նշում են, որ «Օմիկրոնից» պաշտպանության դեպքում արդյունավետ է COVID-19-ի դեմ պատվաստանյութի բուստեր դեղաչափը: Ուստի, առողջապահության նախարարությունը ևս մեկ անգամ կոչ է անում օր առաջ պատվաստվել և կանխել հիվանդության բարդացումները:
Կորոնավիրուսից (COVID-19) մահվան դեպքերի վերաբերյալ հրապարարակված տվյալներում առկա տարբերությունները պարզելու մասին ՀՀ վարչապետի հանձնարարության համաձայն` ուսումնասիրվել է ՀՀ առողջապահության նախարարության և Վիճակագրական կոմիտեի կողմից հրապարակված` կորոնավիրուսային հիվանդության պատճառով մահվան դեպքերի տարբերությունը:
Վիճակագրական ծառայության կողմից հրապարակված բոլոր դեպքերն անհատապես համադրվել են կորոնավիրուսային հիվանդություն ունեցած անձանց տվյալների հետ, և առողջապահության նախարարության կողմից շտկվել է ԱՆ էլեկտրոնային տեղեկատվական բազայի մահվան տվյալները` դրանք համապատասխանեցնելով Վիճակագրական կոմիտեի հրապարակած վիճակագրությանը:
ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, համագործակցելով Գիտությունների ազգային ակադեմիայի մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի և Հայ-Ռուսական համալսարանի հետ, շարունակում է իրականացնել կորոնավիրուսային հիվանդությունով ՊՇՌ դրական արդյունքով պացիենտների նմուշների մոլեկուլյար-գենետիկ հետազոտություններ:
Նմուշները վերցվում են ընտրանքային՝ կրկնակի ՊՇՌ դրական արդյունքով պացիենտներից, կորոնավիրուսային հիվանդությամբ պացիենտներից, օդային սահմանով երկիր մուտք գործած դրական ՊՇՌ լաբորատոր հետազոտության պատասխան ունեցող անձանցից:
Շարունակաբար իրականացվող լաբորատոր հետազոտությունների արդյունքում՝ հետազոտված ևս 7 նմուշում հայտնաբերվել է «Օմիկրոն» շտամը։
Հաշվի առնելով համաճարակային իրավիճակը` առողջապահության նախարարությունը ևս մեկ անգամ կոչ է անում շարունակել պահպանել հակահամաճարակային կանոնները և պատվաստվել, քանի որ պարբերաբար ի հայտ եկող նոր շտամների՝ մասնավորապես «Օմիկրոնի» համատեքստում, հատկապես կարևորվում են պատվաստումները՝ այդ թվում խթանիչ դեղաչափերով։
Հավելենք, որ վերը նշված պահանջը չի վերաբերում.
Հայաստանում հայտնաբերվել է «Օմիկրոն» շտամով հարուցված կորոնավիրուսային հիվանդության երկու դեպք, որոնք բերովի են։
Որպես COVID-19-ով պացիենտներ՝ նրանք ենթարկվել են համաճարակաբանական հետազոտության, Հայաստան ժամանելուն պես նրանց քթըմպանի նմուշները հետազոտվել են նաև սեքվենավորման մեթոդով, որի արդյունքում էլ հայտնաբերվել է «Օմիկրոն» շտամը։
Պացիենտների վիճակը բավարար է, չեն հոսպիտալացվել, երկուսն էլ բուժում են ստանում տանը։
Հաշվի առնելով համաճարակային իրավիճակը` առողջապահության նախարարությունը կոչ է անում շարունակել պահպանել հակահամաճարակային կանոնները և պատվաստվել, քանի որ COVID-19-ի և դրա շտամների դեմ կանխարգելիչ ամենաարդյունավետ միջոցը պատվաստումն է։
Նշենք, որ սեքվենավորման աշխատանքներն իրականացվել են ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի և Գիտությունների ազգային ակադեմիայի մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի համագործակցությամբ:
ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի հրամանով ՀՀ առողջապահության նախարարության «Դատաբժշկական գիտագործնական կենտրոն» ՊՈԱԿ-ի մի խումբ փորձագետներ պարգևատրվել են «Համագործակցության համար» մեդալով և շնորհակալագրերով, իսկ ՊՈԱԿ-ի տնօրենը՝ հուշանվերով:
Պարգևները հանձնել է ՀՀ քննչական կոմիտեի Զինվորական քննչական գլխավոր վարչության պետ, ՔԿ նախագահի տեղակալ Արտակ Կրկյաշարյանը:
Քննչական կոմիտեի նախագահի տեղակալը հիշյալ ՊՈԱԿ-ի տնօրեն Մհեր Բիշարյանին և փորձագետներին շնորհակալություն է հայտնել կատարած մեծածավալ մասնագիտական աշխատանքների համար ու կարևորել արդյունավետ փոխգործակցության հեռանկարները:
Հանդիպմանը մասնակցել են նաև ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության պետի տեղակալ Արման Ասլանյանը և ՀԿԳ քննության վարչության պետ Ռաֆայել Վարդանյանը:
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը ահազանգում է կորոնավիրուսային հիվանդության հարուցչի նոր ենթատեսակի` «Օմիկրոնի» մասին («B.1.1.529»)` սահմանելով այն որպես անհանգստություն առաջացնող:
Կորոնավիրուսային հիվանդության նոր շտամն ունի շուրջ 50 մուտացիա, որից 30-ը` սպայկային սպիտակուցում, առաջին անգամ արձանագրվել է Հարավային Աֆրիկայի Հանրապետությունում:
«Օմիկրոն» շտամով պայմանավորված` դեպքեր են արձանագրվել նաև Բոթսվանայի Հանրապետությունում, Հոնկոնգում, Բելգիայում, Իսրայելում:
Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ նոր շտամի դեպքում ներկայիս պատվաստանյութերը կարող են այդքան էլ արդյունավետ չլինել։
ԱՀԿ-ն նաև հայտնել է, որ այս շտամն ավելի արագ է տարածվում, քան իր նախորդները, ինչի մասին վկայում է Հարավային Աֆրիկայի փորձը:
Հետևաբար, նոր շտամը կարող է վարակել ավելի շատ մարդկանց, ներառյալ նրանց, ովքեր ապաքինվել են այլ շտամներից: Կազմակերպությունը կոչ է արել բոլոր երկրներին ավելի մեծ ուշադրություն դարձնել կորոնավիրուսի նոր շտամի ուսումնասիրությանը։
Մի շարք երկրներ արդեն ձեռնարկել են սահմանափակող միջոցառումներ, այդ թվում` սահմանել մուտքի արգելք աֆրիկյան մի շարք երկրներից։
Լեհաստանի արտաքին գործերի նախարարությունը Հայաստանի առողջապահության նախարարությանն է նվիրաբերել COVID-19-ի դեմ 201 հազար 640 դեղաչափ «ԱստրաԶենեկա» պատվաստանյութ:
Հայաստանում Լեհաստանի դեսպան Պավել Չեպլակն այսօր առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանին է հանձնել պատվաստանյութի խմբաքանակը:
Հիշեցնենք, որ Հայաստանում COVID-19-ի դեմ «Գամ-Կովիդ-Վակ» («Սպուտնիկ-Վի»), «Կորոնավակ» (միայն 2-րդ դեղաչափի համար), «ԱստրաԶենեկա» («Վաքսզևրիա»), «Սինոֆարմ» և «Մոդեռնա» («Սպայկվաքս») պատվաստանյութերն են առկա:
Նոյեմբերի 18-ից 24-ը մեկնարկում է հակամանրէային դեղերի նկատմամբ կայունության դեմ պայքարի համաշխարհային շաբաթը` «Հակամանրէային դեղեր. կիրառե’լ պատշաճ» կարգախոսով: Հակամանրէային դեղերը կարևոր և արժեքավոր ռեսուրս են, այդ պատճառով ընտրված կարգախոսն արտացոլում է հակամանրէային դեղերի պատշաճ, նպատակային և միայն բժշկի նշանակմամբ օգտագործումը:
Հանրային առողջությանը սպառնացող` հակամանրէային դեղերի նկատմամբ կայունության ուժգնացող վտանգը պայմանավորված է առողջապահության, անասնաբուժության և սննդի արտադրության ոլորտներում հակամանրէային դեղերի ոչ պատշաճ օգտագործմամբ:
Ինչպես ամեն տարի, այս տարի ևս քարոզարշավի նպատակն է հասցնել յուրաքանչյուրին, որ հակամանրէային դեղերի նկատմամբ կայունությունը համաշխարհային առողջապահության համար արդիական հիմնախնդիր է:
Հարկ է նշել, որ 2011 թվականին Հայաստանն ԱՊՀ երկրների մեջ առաջիններից էր, որ միացավ ԱՀԿ եվրոպական տարածաշրջանի նախաձեռնությանը՝ հակամանրէային դեղերի կիրառման մշտադիտարկման համակարգեր ներդնելու առումով, արդյունքում` արդեն ունենք դեղերի ընդհանուր կիրառման տվյալներ, որն ընդգրկում է 2002-2020 թվականները՝ հնարավորություն տալով վերլուծել Հայաստանում հակամանրէային դեղերի կիրառման ընդհանուր օրինաչափություններն ու տարածվածությունը՝ ըստ ԱՀԿ ATC դասակարգման տարբեր մակարդակների:
Հատկանշական է, որ 2020 թվականին նախորդ տարվա համեմատ՝ 54.3%-ով աճել է հակաբակտերիային (J01) դեղերի սպառումը (17.34DID), համամասնորեն նաև հակասնկային (J02) դեղերինը (աճը՝ 54.95%), քանի որ մեր երկրում դեռևս հակաբիոտիկների հետ առաջարկում են հակասնկային դեղեր, իսկ ակնհայտորեն COVID 19-ով պայմանավորված անհամեմատ բարձր է հակավիրուսային (J05) դեղերի սպառումը (աճը՝ 184.8%): Այս տվյալները պարբերաբար հրապարակվում ԱՀԿ հաշվետվություններում (https://www.euro.who.int/en/publications/abstracts/who-regional-office-for-europe-antimicrobial-medicines-consumption-amc-network-amc-data,-2014-2018-2021):
2020 թվականին հակաբիոտիկների կիրառումը Հայաստանում հատկապես մտահոգիչ և անկառավարելի դարձավ COVID 19-ի համավարակի ընթացքում, քանի որ, երբեմն, պացիենտները զբաղվում են ինքնաբուժմամբ, կիրառում են պահուստային հակաբիոտիկներ` չպահպանելով դեղաչափը և խախտելով կիրառման տևողությունը, ինչը մեծապես նպաստում է դեղակայունության հիմնախնդրի առավել սրացմանը: Նաև շատ կարևոր է առաջնային օղակի բժիշկների կողմից հակաբիոտիկների ճիշտ և թիրախային նշանակումը:
Առողջապահության նախարարության կողմից, ԱՀԿ աջակցությամբ, 2020 թվականին առողջության առաջնային պահպանման օղակի բժիշկների համար մշակվել և հաստատվել է կլինիկական 8 ուղեցույց, կազմակերպվել են վերապատրաստման դասընթացներ:
Համագործակցելով բժիշկների, դեղագետների, անասնաբույժների, գիտական ոլորտի ներկայացուցիչների և շրջակա միջավայրի պաշտպանության մասնագետների հետ` անհրաժեշտ է հակամանրէային դեղերի նկատմամբ կայունության կանխարգելման նպատակով համախմբել ուժերը «Մեկ առողջություն» գաղափարի շուրջ:
Կորոնավիրուսային համավարակի դեմ պայքարում առաջիկա անելիքների ու հոսպիտալացումների գործընթացն անխափան կազմակերպելու հարցերն Անահիտ Ավանեսյանը քննարկել է քովիդ բուժհաստատությունների ղեկավարների հետ:
Հանդիպմանը մասնագետներն անդրադարձել են COVID-19-ի դեմ պացիենտների բուժման սխեմաներին, հիվանդանոցային ծանրաբեռնվածությանը, թթվածնային կայանների աշխատանքին, հոսպիտալացումների մեծ հոսքին, մահճակալային ֆոնդի օպտիմալ կառավարմանն ու բժշկական կենտրոնների որդեգրած ընդհանուր` միևնույն մոտեցումներին։ Բուժկենտրոնների ներկայացուցիչներն ընդգծել են բուժման ուղեցույցների, պրոտոկոլներով առաջնորդվելու կարևորությունն ու համակարգված աշխատանքը։
Քննարկումների արդյունքում` մասնագետներն իրենց դիտարկումներն են արել, ներկայացրել «Արմեդ» էլեկտրոնային առողջապահական համակարգի միջոցով տրիաժ կենտրոնի` ըստ անհրաժեշտության պացիենտներին հոսպիտալացնելու առաջնահերթությունները, առաջ քաշել մի շարք համակարգային հարցեր, հանդես եկել առաջարկներով, ինչպես նաև քննարկել դրանց հնարավոր լուծման տարբերակները:
Միաժամանակ, նշվել է, որ նախատեսվում է առաջիկայում ձեռք բերել թթվածնային ևս 4 կայան:
Համավարակի դեմ պայքարում միակ և անփոխարինելի միջոցը պատվաստումներն են:
Հայաստանում պատվաստումային գործընթացի անխափան կազմակերպման խնդիրներն առողջապահության նախարարը քննարկել է մայրաքաղաքի առաջնային պահպանման օղակի ներկայացուցիչների հետ:
Հանդիպմանը մասնագետներն անդրադարձել են պատվաստանյութերի վերաբերյալ առկա հարցերին, հանդես եկել առաջարկներով, ինչպես նաև քննարկել հնարավոր լուծման ուղիները:
Առողջապահության նախարարության առաջարկով շուտով պոլիկլինիկաներում թղթային տարբերակները կբացառվեն, իսկ աշխատանքն ամբողջությամբ կիրականացվի «Արմեդ» էլեկտրոնային համակարգի միջոցով:
Համակարգի միջոցով COVID-19-ի դեմ էլեկտրոնային տվյալների վարման և պատվաստումների ընդհանուր գործընթացի կարգավորումները, պատվաստման թվերի մուտքագրումների ամփոփումն ու համակարգումը ևս հանդիպման օրակարգում էին: