Օֆերտա

ՕՖԵՐՏԱՅԻ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ

 

ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ՕՖԵՐՏԱ

Տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արթուր Պետրոսյանը, ով գործում է   ՀՀ ԱՆ «Դատաբժշկական գիտագործնական կենտրոն» ՊՈԱԿ-ի անունից (տեղակայված ք. Երևան, Հերացի 5/1 իրավաբանական հասցեով) և ՀՀ ԱՆ «Դատաբժշկական գիտագործնական կենտրոն» ՊՈԱԿ-ի կանոնադրության հիման վրա  (այսուհետ՝ Կատարող), հայտարարում է Հրապարակային Օֆերտա ստորև ներկայացված Ծառայության մատուցման վերաբերյալ։

 

  1. ՏԵՐՄԻՆՆԵՐԻ ԲԱՑԱՏՐՈՒԹՅՈՒՆ

Պայմանագրում ներքոնշյալ բառերն ու արտահայտություններն ունեն ստորև նշված իմաստը, բացառությամբ այն դեպքերի, երբ Պայմանագրի բովանդակությունից բխում է այլ բան:

1.1. Կատարող՝ ՀՀ ԱՆ «Դատաբժշկական գիտագործնական կենտրոն» ՊՈԱԿ, իսկ Պայմանագրի առանձին մասերի էությունից ելնելով նաև Կատարողի համապատասխան աշխատակիցները /ծառայություններ մատուցողները և այլն/:

1.2. Պատվիրատու՝ ցանկացած անձ, որը որպես կանոն ցանկանում է ստանալ 1.4. կետում ներկայացված ծառայությունները և Կատարողի հետ Օֆերտայի պայմանների ակցեպտավորմամբ (ընդունմամբ) կնքում է Պայմանագիրը և Կայքում հրապարակված Գնացուցակի հիման վրա ստանում Պայմանագրով նախատեսված ծառայությունները:

1.3. Հրապարակային Օֆերտա (այսուհետ՝  Օֆերտա) Կատարողի կողմից ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 453-րդ հոդվածի պահանջներին համապատասխան կազմված և Կայքում հրապարակային ներկայացված սույն փաստաթուղթը, այդ թվում՝ դրա անբաժանելի մասը կազմող Գնացուցակը, որը հասցեագրված է ցանկացած անձի և չի պահանջում գրավոր կարգով ստորագրում:

1.4. Մատուցվող ծառայություն՝ դատաբժշկական փորձաքննության ենթարկված դիակի դաբաղման (բալզամացիայի), դեմքի և այլ մարմնամասերի ամբողջականության վերականգման և/կամ գեղագիտական մշակման, հարդարման, ինչպես նաև դիակի սառնարանային պահպանման ծառայություններ:

1.5.Պայմանագիր՝ Պատվիրատուի կողմից Օֆերտայի՝ ամբողջ ծավալով և անվերապահորեն ակցեպտավորման (ընդունման) միջոցով Կատարողի և Պատվիրատուի միջև կնքված սույն համաձայնությունը, ինչպես նաև Պայմանագրի բոլոր հավելվածները, դրա վերաբերյալ կնքված համաձայնագրերը, փոփոխությունները և լրացումները, Օֆերտայի (Պայմանագրի) անբաժանելի մասը կազմով Գնացուցակը, որոնք պարունակում են Օֆերտայով նախատեսված և/կամ Կատարողի կողմից սահմանված այլ պայմաններ:

1.6. Ակցեպտ՝ Պատվիրատուի կողմից ամբողջ ծավալով և անվերապահորեն Օֆերտայի, այդ թվում՝ Գնացուցակի, նաև Կատարողի կողմից ներկայացված հաշիվների ընդունումը՝ Օֆերտայով նախատեսված համապատասխան գործողությունների իրականացման միջոցով:

 

  1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

2.1․Սույն փաստաթուղթը ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 453-րդ հոդվածի 2-րդ մասի իմաստով հանդիսանում է Կատարողի Պայմանագրի կնքման վերաբերյալ հրապարակային Օֆերտա: Սույն հրապարակային Օֆերտայի բովանդակությունը տեղադրված և հրապարակված է Կատարողին պատկանող Կայքում հետևյալ հասցեով՝ https://formed.am/ :

2.2․Պայմանագրի կնքման պայմանների և կարգի նկատմամբ կիրառվում են ՀՀ քաղաքացիական օրենսգրքի նորմերը, որոնք կարգավորում են հրապարակային պայմանագրի (ՀՀ ՔՕ 442-րդ հոդված), միանալու պայմանագրի (ՀՀ ՔՕ 444-րդ հոդված),  օֆերտայի և դրա ակցեպտի (ՀՀ ՔՕ 451-459 հոդվածներ) ներկայացման կարգը և պայմանները:

2.3․ Սույն հրապարակային Օֆերտայի ակցեպտ (ընդունում) և Պայմանագրի կնքման պահ է համարվում սույն Պայմանագրի 5-րդ գլխով նախատեսված կարգով և չափով համապատասխան վճարումը /կանխավճարը/ Կատարողի կողմից ստանալու պահը:

2.4. Սույն կետին համապատասխան իրականացված ակցեպտ նշանակում է Պատվիրատուի կողմից ամբողջ ծավալով և անվերապահորեն Օֆերտայի (Պայմանագրի), այդ թվում՝ Գնացուցակի, նաև Կատարողի կողմից ներկայացվող հաշիվների ընդունումը:

2.5. ՀՀ քաղաքացիական օրենսդրության համաձայն՝ Պատվիրատուի կողմից սույն հրապարակային Օֆերտայի ակցեպտի (ընդունման) միջոցով կնքված Պայմանագիրը համարվում է սույն հրապարակային Օֆերտայի պայմանների հիման վրա գրավոր ձևով կնքված պայմանագիր և հանդիսանում է պայմանագրի երկու կողմերի կողմից փաստաթղթային ձևով կնքված պայմանագրին համարժեք:

2.6 Պայմանագրի կնքումը և Գնացուցակին համապատասխան Պայմանագրի կնքման և իրականացման, վճարումների կատարման ժամանակ իր մասին տրամադրում է ճիշտ, արժանահավատ և արդիական տեղեկություններ (տվյալներ), ծանոթացել է և համաձայն է Օֆերտայի (Պայմանագրի) բոլոր պայմաններին, այդ թվում՝ Օֆերտայի անբաժանելի մասը կազմող Գնացուցակին և Օֆերտայում նշված այլ փաստաթղթերին, ինչպես նաև Համակարգի գործունեությանը վերաբերող Կայքում տեղադրված և հրապարակված բոլոր փաստաթղթերին և տեղեկատվությանը, Պայմանագրի կնքման համար ունի անհրաժեշտ գործունակություն և իրավունակություն և օժտված է բավարար լիազորություններով:

 

2.7 Պայմանագրի  2.3 կետին համապատասխան որպես ակցեպտ ճանաչվող գործողությունների իրականացումից հետո Պատվիրատուն իրավունք չունի ներկայացնել որևէ պատճառաբանություն Օֆերտայի պայմաններին ծանոթ չլինելու և/կամ Օֆերտայի պայմաններից որևէ մեկի և/կամ որևէ փաստաթղթի հետ համաձայն չլինելու վերաբերյալ և այդ հիմքերով իրավունք չունի վիճարկել Պայմանագրի կնքման փաստը և/կամ Պայմանագրի որևէ պայմանի կիրառելիությունը:

 

  1. ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԱՌԱՐԿԱՆ

3.1․ Պայմանագրով Կատարողը գույքային իրավունքների գործողության ողջ ժամկետում,   Պատվիրատուի տրամադրում է սույն պայմանագրով սահմանաված Ծառայությունները, իսկ Պատվիրատուն պարտավորվում է ընդունել Ծառայությունները և վճարել դրանց համար Պայմանագրով և Գնացուցակով նախատեսված արժեքները:

 

3.2. Պայմանագրով  նշված իրավունքները և ծառայությունները վերաբերում են Օֆերտա պայմանագիր կնքած  և նույնականացում անցած Պատվիրատուին։

 

4․ ԿՈՂՄԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

4․1․Կատարողն իրավունք ունի միակողմանիորեն փոփոխել Պայմանագրի պայմանները, Ծառայությունների ցանկը, գնացուցակը, ժամկետները և այլ պայմանները՝ այդ մասին ծանուցելով Պատվիրատուին և Օֆերտան տեղադրելով Կայքում: Այդպիսի փոփոխությունները ուժի մեջ են մտնում Կայքում համապատասխան փաստաթղթերի կամ տեղեկատվության հրապարակման պահից, եթե այլ բան սահմանված չէ փոփոխությունների մասին ծանուցման հրապարակման մեջ կամ Պատվիրատուին ներկայացված ծանուցման մեջ: Պատվիրատուն պարտավոր է ինքնուրույն հետևել Կայքում հրապարակված բոլոր փոփոխություններին և տեղեկատվությանը:

 

4․2 Կատարողը պարտավոր է մատուցել Ծառայությունները ժամանակին և պատշաճ։

 

4․3 Պատվիրատուն պարտավոր է վճարել Ծառայությունների մատուցման դիմաց։

 

5․ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԱՐԺԵՔԸ ԵՎ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ

5․1․Պայմանագրի արժեքը որոշվում է գործող Գնացուցակի հիման վրա՝ հաշվի առնելով Պատվիրատուի կողմից ընտրված ծառայությունները: Պայմանագրի արժեքը ներառում է ՀՀ օրենսդրությամբ նախատեսված բոլոր հարկերը և պարտադիր վճարները:

 

5․2․Պայմանագրի արժեքի վճարումը կատարվում է ոչ ուշ քան ծառայությունների մատուցումանը հաջորդող օրը՝ անկանխիկ եղանակով։

 

6․ԿՈՂՄԵՐԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ

6․1 Պայմանագրով սահմանված պարտավորությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար Կողմերը պատասխանատվություն են կրում Պայմանագրով և ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

7․ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԸ, ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ ԵՎ ԼՈՒԾՄԱՆ ԿԱՐԳԸ

7․1․Պայմանագիրը ուժի մեջ է մտնում կնքման պահից և գործում է մինչև Կողմերի կողմից Պայմանագրով սահմանված իրենց պարտավորությունների ամբողջական կատարումը:

8․ԱՆՀԱՂԹԱՀԱՐԵԼԻ ՈՒԺԻ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆԸ (ՖՈՐՍ ՄԱԺՈՐ)

8․1․ Կողմերն ազատվում են Պայմանագրով ստանձնած պարտավորությունները մասամբ կամ ամբողջովին չկատարելու համար պատասխանատվությունից, եթե այդ չկատարումն անհաղթահարելի ուժի ազդեցության հետևանք է: Անհաղթահարելի ուժ կարող են համարվել այնպիսի հանգամանքները, որոնք ի հայտ են եկել Պայմանագրի կնքումից հետո, անմիջականորեն ազդել են Պայմանագրով սահմանված պարտավորությունների կատարման վրա և իրենց բնույթով այնպիսին են, որ չէին կարող կանխատեսվել կամ կանխարգելվել դրանց ազդեցությունը վկայակոչող Կողմի կողմից (հրդեհներ, ջրհեղեղներ, երկրաշարժեր, ապստամբություններ, պատերազմներ, ռազմական գործողություններ, համաճարակներ և այլն):

 

8․2 Անհաղթահարելի ուժ համարվող հանգամանքների առկայության վերաբերյալ ապացույց կարող են հանդիսանալ իրավասու մարմիննների կողմից տրված տեղեկանքները:

 

8․3 Անհաղթահարելի հանգամանքների ի հայտ գալու դեպքում Կողմերի պարտավորությունների կատարման ժամկետները հետաձգվում են այդ հանգամանքների և դրանց հետևանքների գործողության ժամանակին համապատասխան:

 

8․4 Կողմը, որի համար պարտավորության կատարումն անհնարին է դարձել անհաղթահարելի ուժի ազդեցության հետևանքով, պարտավոր է գրավոր տեղեկացնել մյուս կողմին նման հանգամանքների ի հայտ գալու պահից 1 (մեկ) շաբաթվա ընթացքում:

 

9․ ՎԵՃԵՐԻ ԼՈՒԾՈՒՄԸ

9․1  Կողմերի միջև ծագած բոլոր վեճերը լուծվում են բանակցությունների միջոցով: Բանակցությունները իրականացվում են նախապահանջային եղանակով՝ Պայմանագրի խախտում վկայակոչող կողմից Պայմանագրի ենթադրյալ խախտում թույլ տրված կողմին խախտման վերաբերյալ նախապահանջ ուղարկելու միջոցով:

 

9․2 Նախապահանջը ստանալու պահից 7 օրացուցային օրվա ընթացքում դրա վերաբերյալ պատասխան չստացվելու կամ ներկայացվող պահանջը մերժվելու դեպքում վեճի լուծումը իրականացվում է դատական կարգով:

 

10․ ԿԱՏԱՐՈՂԻ ՎԱՎԵՐԱՊԱՅՄԱՆՆԵՐԸ

ՀՀ ԱՆ «Դատաբժշկական գիտագործնական կենտրոն» ՊՈԱԿ

Իրավաբանական հասցե՝ ՀՀ, ք.Երևան, փ. Հերացի 5/1

Էլ.փոստ՝ info@formed.am

ՀՎՀՀ 00405431

Բանկ` Երևանի թիվ 1ՏԳԲ բաժանմունք

Հ/Հ 900018001975

Հ/Հ 900018006966